«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում ապրիլի 17-ին կայացել է «Հայ-ֆրանսիական 3-րդ բուժքույրական կոնֆերանսը»՝ նվիրված շաքարային դիաբետին։
Կոնֆերանսը կազմակերպվել էր ՀՀ Բուժքույրերի միավորման նախագահ, ԵՊԲՀ Քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանի և «Սանտե Արմենի» ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի կողմից։ Միջոցառմանը մասնակցել է մոտ 200 բուժքույր Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններից։
ՀՀ Բուժքույրերի միավորման նախագահը, ողջունելով կոնֆերանսի կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել է բուժքույրերի շարունակական կրթության կարևորությունը։ Նա հորդորել է բուժքույրերին ակտիվորեն մասնակցել նմանօրինակ կոնֆերանսներին՝ փորձի փոխանակման միջոցով հմտություններն ու գիտելիքները կատարելագործելու համար։
Կոնֆերանսի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել արտասահմանից ժամանած բուժքույրեր՝ Մարի Սարյանը (Մոնրեալի հիվանդանոց, բուժքույր-անեսթեզիստ), Նատաշա Գինյարդը և Գայանե Խաչատուրյան-Հովհաննիսյանը (Ֆրանսիա, բուժքույր-անեսթեզիստներ)։
Քննարկվող թեմաներն ընդգրկել են շաքարային դիաբետով հիվանդների խնամքը, դեղամիջոցների ճիշտ կիրառումը, բարդությունների կանխարգելումը, հիպերգլիկեմիայի նախանշանների ճանաչումը, ինչպես նաև հղիության դիաբետը։
Կոնֆերանսը ընթացել է ինտերակտիվ ձևաչափով, զեկուցողները և բուժքույրերը միմյանց հարցեր էին ուղղում, որոնք վերաբերում էին քննարկվող թեմաների տեսական և պրակտիկ ասպեկտներին։
.png)